Սկիզբը՝ այստեղ
(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին ՝ 2018-2025 թթ., տարիների պատմությունը)
ԳԼՈՒԽ 38-ՐԴ
(կամ` երբ պոռնկորդին` բարոյականությունից է խոսում, դասական «կռիսը»` առնետությունից)
Դեժավյու
ՔՐԻՍՏՈՍԻՑ ԱՌԱՋ
Ծննդոց, օր յոթերորդ:
Բարձրյալը վեց օրում արարեց լույսը, երկինքն ու երկիրը, ֆլորան ու ֆաունան և վերջում՝ մարդուն:
«Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ է: Եվ եղավ երեկո, և եղավ առավոտ՝ օր վեցերորդ» (Ծննդոց, 1, 31):
Հաջորդող ցայգալույսը Տերը համարեց սուրբ և հանգստացավ:
«Աստված օրհնեց յոթերորդ օրը և սրբագործեց այն» (Ծննդոց, 2, 3):
Հենց այդ յոթերորդին էլ պատկանում էր նախորդ վեց օրերի հանրագումարը:
Ինչպես ապսպրեց Արարիչը.
«Վեց օր պիտի աշխատես և պիտի կատարես քո բոլոր գործերը:
Յոթերորդ օրը քո տեր Աստծո շաբաթ օրն է» (Ելք, 20, 9:10): Իմա` ապրելով 6-ի մեջ՝ սուրբ պահիր 7-ը՝ Աստծուն:
Բա՞յց…
… բայց արթուն էր չարը:
«Այստեղ է ահա իմաստությունը: Ով միտք ունի, թող հաշվի գազանի թիվը, որ մարդու թիվ է, և նրա թիվն է վեց հարյուր վաթսունվեց» (Հայտնություն, 13, 18)։
Ինչու՞ է 6-ի երրորդումը խորհրդանշում սատանային:
Եվայի միջոցով խաբելով Ադամին, հակառակորդը սեփական իշխանության տակ առավ այն ամենը, ինչ Աստված ստեղծեց արարչագործության առաջին 6 օրերին: Մարդը կորցրեց Աստծուց ստացած ամեն բան ու հանձնվեց չարին:
Ընդհատվեց ներդաշնակությամբ զուգորդված հաղորդակցությունն աշխարհի և Աստծո, մարդու և Տիրոջ միջև:
Շնչավոր դարձած կավը հայտնվեց լուսանցքում` դուրս եկավ Աստծո ճշմարիտ իշխանությունից ու ոտք դրեց չարի տիրույթ:
Սատանան դարձավ 6-օրյա արարչագործության «իշխանը» (Հովհաննես, 12.31):
ՈՒ վեց օրերի ստեղծածը զենքի փոխակերպելով, կյանքի կոչեց իր հոգեսպանության ծրագիրը:
Մոլորեցրեց-այլասերեց աշխարհը: Գայթակղեց, կործանման դատապարտեց սայթաքածներին:
Խարդախությամբ յուրացնելով Աստծո ստեղծածը, գողացած 6 օրերի իշխանությամբ ապականեց մարդու`
ա) մարմինը,
բ) հոգին,
գ) կյանքը:
Վեցի մեջ մնացած այս եռամիասնությունն է, որ դառնում է
666:
Երեք փորձություններ, որ անապատում հաղթահարեց Հիսուսն ու դիմակայեց սատանային:
Մահը, որ Ադամի անհնազանդությամբ տեր դարձավ աշխարհին, հաղթահարվեց Քրիստոսով:
Աստծուն ունենալով, սիրելով և հնազանդվելով հնարավոր է հաղթել երեք 6-երի կամ սատանայի իշխանությանը: «Քաջալերվեցեք, որովհետև Ես հաղթեցի Աշխարհին» (Հովհ. 16.33):
ՔՐԻՍՏՈՍԻՑ ՀԵՏՈ
2025 թ., մարտի 9:
Մեծ Պահք, օր յոթերորդ:
Արտաքսման կիրակի:
«…Եվ Տեր Աստված արտաքսեց նրան բերկրության դրախտից, որպեսզի նա մշակի հողը, որից ստեղծվել էր» (Ծննդոց, 3, 23):
Արհեստների և արվեստների վարպետաց քաղաք:
Ոստիկանական աքցանով Երիքովի պարիսպների վերածված դահլիճում, Երևանից բերված շրջիկ ունկնդիր-ակնդիրների, կառավարության անդամների համար, Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների առիթով, սպասվում է գարշ ոգու բեմելը:
«Հանդիսավոր» մասում տրվում է պաշտոնական «թալանի»` դրամահավաքի մեկնարկը:
Որ է՛ սովորական «ռեկետ» ընտրություններին մասնակցելու պատրվակով:
Գործարարներին (և ոչ միայն) այս ճանապարհով քերել-մաշկելը ՔՊ-ի պաշտելի զբաղմունքներից մեկն է:
Ապա սկսվում է 30 րոպե 25 վայրկյան տևողությամբ` թույնով, զրպարտանքով, սպառնալիքով գերխտացած մեծ խառնակչությունը:
Ավելի ստույգ` օրենքի բացահայտ խախտումով քարոզարշավը. սահմանված ժամկետից`մարտի 15-ից, մեկ շաբաթ առաջ:
Իրականում` «цирк-шапито», «ՔՊ-ի գալա-միջոցառում» վերտառությամբ:
Ինչո՞վ է «шапито»-ն տարբերվում արվեստի ինքնուրույն տեսակ հանդիսացող կրկեսից:
Ներկայացումն ընթանում է հատուկ շինության ներսում, որտեղ և՛ հանդիսականների համար նախատեսված նեղլիկ ու անհարմար նստարաններն են, և՛ տեխնիկական անհրաժեշտ սարքերը, և՛ անդրկուլիսային մասը, և՛ դերասանները:
Պատկերավոր ասած` ամեն ինչ մեկում:
Հայկական տարբերակում այդ «մեկը», աշխարհի արարման առաջին վեց օրերի հանրագումարը գողացած խավարի իշխանի պիղծ ճորտն է` մահաշունչ ոգին, որի
«цирк-шапито»-ում նստարաններ չկան:
Անհավանական շքեղ մեքենաների կորտեժով, թանկարժեք հագուկապով Գյումրի ժամանածները, որ էին`
«նիսյայով» նախկին սուրճ խմողներ,
տրանսպորտի համար լումա մուրացողներ,
5000 դրամով Հայկո-Մկոյի ցածրաճաշակ սկետչներում մեռելի դեր խաղացողներ, շողոմ ժպիտը դիմակ դարձրած, ապակյա աչքերով
ոտքի վրա հետևում են հայրենիքի ու «հայ» արյան վաճառականի նաղլին:
Քայքայված վինիլային «պլաստինկան», որ միայն մեկ բառ է արտաբերում` «նախկիններ», ցուցադրում է սրա մտքերի տոտալ դեգրադացիան:
Նաև ավետում է ոչ միայն գյումրեցիներին, այլև համայն հայությանը` կրկին.
- Вернулась шарманка!...
«Գալա բալագանից» մի քանի մեջբերումով հստակեցնենք, թե հիմա ինչի մասին է «երգում» սրա
«шарманка»-ն:
ա) «Նրանք, ովքեր ինքնահայտարարագրվել են Գյումրիի ընտրություններին մասնակցելու, նրանց մասնակցությունը ունի մի համատեքստ. նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին և վերջին ճակատամարտին:
Նրանք դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելու վերջին մարտին ու ճակատամարտին»:
բ) «Գյումրիի ընտրություններին մասնակցում է 300-ից 350 միլիոն դոլարի ապօրինի ձեռքբերված գույք, որը սպասվում է վերադարձի ՀՀ-ին և ժողովրդին ի սեփականություն:
Ընդ որում հայտնի են ումն են էդ գույքերը:
Դրանք Միշիկի գույքերն են, դրանք Վարդանիկի գույքերն են, դրանք Ռոբիկի գույքերն են և դրանք Սերժիկի գույքերն են»:
գ) «… հատիկ առ հատիկի տրամաբանությունը գործում է, թափանիվը արագացել է, դրա համար էլ ոմանք առնետների նման պադվալներից դուրս են եկել, փողոցներում քայլում են: Քաղաքական արշավ են իրականացնում հանուն թալանի, հանուն կոռուպցիայի, հանուն գողացածը ժողովրդին չվերադարձնելու:
Եվ մենք նրանց պետք է հետ ուղարկենք իրենց առնետային պադվալները, որտեղ իրենք սպասեն և սպասեն Հայաստանի ժողովրդի արդարությանն ու արդարադատությանը»:
դ) «Հատիկ առ հատիկը բառիս բուն իմաստով հատիկ առ հատիկ է: Եթե ձեզ դուր չի գալիս ուրեմն ռենջ ռովեր առ ռենջ ռովեր ենք վերադարձնելու, բրաբուս առ բրաբուս, յաշիկ առ յաշիկ»:
Ելույթի քվինտ-էսենցիան.
«Ով իմ հետ չէ, իմ դեմ է»:
Ասել է`
«Ձեր ուզել-չուզելուց անկախ քաղաքապետը «մեր Սարիկն» է:
Ես այդպես եմ որոշել:
Վերջ»:
Ի՞նչ ծածկագիր է թաքցնում «որոշել» բայը:
Հոխորտանքն ապակոդավորելուց հետո կստացվի այս հաղորդագրություն-պարզաբանումը.
«Գյումրիում ժամանակ առաջ օրինական ընտրված իշխանությունը տապալած հանցագործները, հիմա էլ քաղաքապետի ժ/պ-ի միջոցով են փորձում իշխանազավթում իրականցնել»:
Ո՛վ է Սարի՞կը:
Պարզվում է`«մեր Սարիկն» այնքան էլ իրենցը չէ:
ՀՀԿ-ից ԲՀԿ-ին, հետո «Լուսավոր Հայաստանին», ապա ՔՊ-ին որպես ժառագություն մնացած «փոխանցիկ դրոշ» է Սարիկ Մինասյանը, որի թիկունքում կանգնած է ընտրակեղծարար- ուզուրպատորի` շախմատի ձիու կերպարանք առած, բարբառով ասած` մուռտառ մարմնազանգվածը:
Սարիկի տերն անտեսելով բուն բարեկենդանից մինչև Սուրբ Հարության տոնի նախօրեն ձգվող 48 օրերի պահանջը` հրաժարում արատավոր, մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից, բանադրողի դիրքերից հնչեցրած ելույթով ոտնահարում է Մեծ Պահքի հիմնական խորհուրդը:
Նաև քրեորեն պատժելի որակումներով, զրպարտանք-ձևակերպումներով համահարթեցնում է ընտրարշավի մասնակիցներին:
Բոլորի ճակատներին դաջում «թալանչի» խարանն ու խոսքի ենթատեքստում հրահանգում իրավապահ մարմիններին` անողոք պայքար սկսել ընդդիմադիր բոլոր ուժերի դեմ:
Սրա անհավասարակշիռ խոսքը մերթ ընդ մերթ ընդմիջվում էր ծափահարություններով:
Բայց ոչ թե նախկինի նման` բուռն-երկարատև, այլ ծու՜յլ, ի միջի այլոց:
Սկզբում հատ ու կենտ ծափեր, որ ակնթարթներ անց դառնում էին խմբակային` ալարկոտ, անտարբեր:
Ներկաներն ակնհայտորեն ընկալման պրոցեսի խախտումների մեջ էին:
Նախկին «քյաբաբ առ քյաբաբ» ուղեղալվացքը, որ յոթ տարի անց դարձել էր «յաշիկ առ յաշիկ», ունկնդիրների մոտ հայտնաբար ընկալվում էր որպես ներկայի «մասին հիշողություն»:
Կանգնածների դեմքերին զգացվում էր խզում իրականությունից:
Աղբ-ինֆորմացիան կոդավորել էր ծափահարող գանգատուփերը «ներկայի» ու «անցյալի» գործընթացների միաժամանակյա զգացումով:
Ներկայի` Սաշիկ-Միշիկ-Վարդանիկ-Ռոբիկ-Սերժիկ անունները համադրվելով անցյալի` «հատիկ առ հատիկ»-ին, բոլորի մոտ գրանցել էր դեժավյու:
Զավեշտ է, երբ մի ողջ երկիր ծախած, հայի օջախներ քանդած, հազարավորների դժբախտացրած սերիական մարդասպանը վեհ մատերիաներից է բառաչում:
Երբ գող-ավազակը ազնվությունից է ճառում,
պոռնկորդին` բարոյականությունից,
դասական «կռիսը»` առնետությունից:
Բայց իրավ սրտխառնուք առաջացնող է` ենթադրվող բնական ավարտով, երբ թվարկված արատները մեկտեղածն է մեղադրանքներ հնչեցնում, աջ ու ձախ թիրախավորում և պիտակավորում մարդկանց:
Ծափահարող նախկին աղքատների շարքերում, ցավոք, չգտնվեց իսկական մի տղամարդ, որ սրա դեմքին շպրտեր համացանցում պտտվող հայտնի ցուցակն ու ասեր.
- Փնթի ավտոկրատ, Հայոց երկրում, թե մի կռիս կա, հենց դու ես, որ պարբերաբար բունկեր ես մտնում ու մեծախոսում:
Վերադարձնո՞ղ ես, վերադարձրու՛ քո իսկ թողտվությամբ ու կամքով Բաքվի բանտերում հայտնված մեր ռազմագերիներին:
«Ռենջ ռովեր առ ռենջ ռովեր»-ի փոխարեն վերադարձրու թուրքին ծախածդ`
12 քաղաք,
241 գյուղ,
13 550 տուն (որոնց 30 տոկոսը ավելի քան 100-ամյա հնության),
11 450 բնակարան,
60 ֆաբրիկա,
15 գործարան,
200 մշակույթի տուն,
9 մշակույթի կենտրոն,
25 թանգարան,
232 դպրոց,
7 քոլեջ,
4 համալսարան,
11 արվեստի դպրոց,
400 միջնադարյան գերեզմանոց,
385 եկեղեցի,
60 վանական համալիր,
2 385 խաչքար,
4 ջրամբար
5 ջրանցք
37 հիդրոէլեկտրակայան
48 հանք
11 հիվանդանոց,
230 բուժկետ...
(ցանկն ամբողջական չէ)։
Չէ՛, չգտնվեց այդ մեկը:
Ընդամենը յոթ տարում նախկին սոված «հոսհոս»-ներից դոլարային միլիոնատերեր դարձածների բորբոսնած քաղաքական «ընտրախավի» շրջանակներում ո՜նց կարող էր տղամարդ, այն էլ` հայ տղամարդ բուծվել:
Չգտնվեց այդ մեկը` միակը:
Չգտնվեց ու հնարավորություն տվեց` մարմնով, հոգով, ողջ ապրած կյանքով 6-երի եռամիասնության մեջ մնացած սույն ճենճոտին, կրկին քոքել «նախկինների» մասին մկկացող «шарманка»-ն և հանրությանը
կերակրել «թալան»-ի կտերով:
Նաև` ճոռոմաբանել, մոռացած, որ դրսում արդեն 2025-ն է, որ հենց ի՛նքն է երկրի թիվ մեկ կողոպտիչը:
«Մոռացած», որ ինքն իրավունք չունի խոսելու ինչ-որ միֆական «թալանից», երբ կողքին «Анка рэкетчица» մականունով «նորաձև կրթողն» է:
Ողբերգություն է, երբ ոտից-գլուխ կոռուպցիայի մեջ թաղվածը 7 տարի անց կրկին ծղրտում է նախկինների կողոպուտը «բրաբուս առ բրաբուս» վերադարձնելու մասին, մոռանալով, որ պետությանն ու ժողովրդին նախ վերադարձնել է պետք իր անկողնակից «տիկին Սաշիկի» միլիարդների հասնող թալանը:
Կարո՞ղ ես բերել, բե՛ր:
Նաև պատասխանիր` գործարարների նկատմամբ պերմանենտ ռեկետ-վրաերթ իրականացնող տիկինն առ այսօր ինչու՞ է ազատության մեջ:
Պատասխանը լռությունն է:
Ճիշտ ես արել, որ ամուր փակել ես երախդ:
Չբացե՛ս:
Այլապես խեղդող է դավաճանության, երկիր ծախելու, ընտիր մի սերունդ «Եռաբլուր» ճանապարհելու արյունոտ գարշահոտը:
(շարունակելի)
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)
Հ. Գ.
Սրա ելույթ-պասկվիլի` մարդկային հասարակությունում ընդունված իրավական, բարոյական և, առհասարակ, բոլոր նորմերը բացասող վերջաբանին կանդրադառնանք հաջորդիվ: